Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Սանկտ Պետերբուրգ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 7-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հայկական պատվիրակությունը կթռչի հատուկ չվերթով: Պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և այլք: Պատվիրակությանը կմիանան նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը։
Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ վարչապետը, իսկ ռուսական կողմինը` ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: