Քաղավիացիայի վարչության նոր պետի միլիոնները
Արդեն մեկ ամիս է, որ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ նշանակվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը:
Համաձայն հայտարարագրի` Ավետիսյանը բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան, հայտարարագրել է 100 միլիոն դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են մոտ 3 միլիոն ՀՀ դրամ (2.9 միլիոն):
Ի դեպ, Քաղաքացիական ավիացիայի վարչության նորանշանակ պետն աշխատել է բացառապես պետական համակարգում` ՀՀ կենտրոնական բանկում բանկային վերահսկող, 2009-2014 թթ. ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար, 2014-2016 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Սերգեյ Ավետիսյանի կինը՝ Աննա Եղիազարյանն էլ նախորդ տարի 100 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս է օտարել, սակայն հայտարարագրում չի նշվում, թե որ ընկերությունում է նա բաժնեմաս ունեցել: Աննա Եղիազարյանն ունի 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից 1.7 միլիոն դրամ եկամուտ է ստացել: Գույքի օտարումից և աշխատավարձից նա ստացել է ընդհանուր առմամբ 7.8 միլիոն դրամ եկամուտ: