Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» կայացավ. պաշտոնական
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այլևս «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է. երկար սպասված տրանսֆերը կայացավ: Այդ մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
««Մանչեսթեր Յունայթեդը» շատ լուրջ առաջարկ էր արել: Եթե մենք մերժեինք այն, ապա Մխիթարյանը 2017-ին անվճար կհեռանար»,- ասել է գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է 27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» հետ կկնքի 4 տարվա պայմանագիր և նոր ակումբում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ: ԶԼՄ-ների տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը գնահատվում է 32-36 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսիա» է տեղափոխվել 2013 թվականին Դոնեցկի «Շախտյորից»: Գերմանական ակումբի կազմում Մխիթարյանը մասնակցել է 140 խաղի, խփել 41 գոլ, դարձել 49 գոլային փոխանցման հեղինակ:
Newspress.am-ի խմբագրակազմը շնորհավորում է մեր հավաքականի ավագին ու նրա խաղի երկրպագուներին՝ մաղթելով բազմաթիվ գոլեր նոր ակումբում: