Սեյրան Օհանյանը շրջանցեց իր պաշտոնանկության մասին հարցը
Հայաստանի պաշտպանության նախարարը երբեք չի հրաժարվի հայրենիքին իր ծառայությունները մատուցելուց: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը` չմեկնաբանելով իր պաշտոնակության մասին լուրերը, որն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պարբերաբար շրջանառության մեջ է դրվում:
Նախարարը «Եռաբլուրում» էր Հայրենիքի համար զոհվածների և անհետ կորածների հիշատակի օրվա առիթով։ 1992-ի հունիսի 29-ին Ասկերանի մոտ զոհվել էր «Արաբո» ջոկատը։ Հերոսական ջոկատի պատվին այդ օրը Հայաստանում նշվում է որպես Հայրենիքի համար զոհվածների և անհետ կորածների հիշատակի օր:
Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության հետևանքով Հայաստանում անհետ կորած է համարվում ավելի քան 200 մարդ: