Քննությունների առաջին փուլի արդյունքների ամփոփումը
«Անդրադարձ» մամուլի ակումբում կայացավ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի մամուլի ասուլիսը: Բանախոսն ամփոփեց ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները և անդրադարձավ միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրմանը վերաբերող հարցերին:
Առաջին փուլն ավարտված է, տրված է 2-րդ փուլի մեկնարկը:
2016թ. պետական ավարտական 1-ին փուլին մասնակցել է 11375 դիմորդ, նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը պակասել է 475-ով, չնայած որոշ տեղերում՝ Լոռիում , Տավուշում և Ստեփանակերտում, նախորդ տարվա համեմատ ավելացել է: Ըստ մարզերի, դիմորդների բաշխման պատկերը հետևյալն է. «Ամենաշատ դիմորդ մենք ունեցել ենք Երևանից, Լոռիից, և ԼՂՀ-ից, ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզից»,- ասաց ԳԹԿ տնօրենը և ավելացրեց, որ դիմորդները համեմատաբար քննություն են հանձնում հայոց լեզվից և մաթեմատիկայից, օտար լեզուները զիջողի դերում են՝ իսպաներենից մեկ մարդ է դիմել, իսկ պարսկերենից` երկու:
ԵՊՀ-ու այս տարի 3195 դիմորդ կա, որին իր թվով հաջորդում է ՀՊՄՀ-ն, հետո ՀՊՏՀ-ն է, իսկ վերջին տեղում է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը:
ԵԹԿՊԻ-ի, Գեղարվեստի պետական ակադեմիայի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Ֆիզիկական կուլտուրայի ներբուհական քննությունների համար կառավարությունն այս տարի հատկացրել էր 1400 տեղ, սակայն հայտ է ներկայացրել 892 դիմորդ:
49 դիմորդ, ովքեր առողջական վիճակի վատացման պատճառով ընդհատել են քննությունը, նրանց հնարավորություն կտրվի մասնակցել 2-րրդ փուլին: Քննությունից հեռացվողների թիվը 7-ն է, նրանք հեռացվել են տարբեր պատճառներով, գործերը քննարկման փուլում են:
Առաջին փուլի վերջնական ցուցակներն ամսի 30-ին կփակցվի քննական կենտրոններում:
Միջին գնահատականը հայոց լեզվից 13.8 է, հայոց պատմությունից` 13.36, դեռևս 20 կամ 19.5 գնահատական չի եղել, դիմորդների 32 տոկոսը կտրվել է` անբավարար գնահատականի պատճառով:
Այն դիմորդները, ովքեր ցանկանում են մասնակցել երկրորդ փուլին, պետք է հայտագրվեն հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը:
Ավելացնենք, որ մասնավոր բուհերն ստացել են ընդամենը 49 դիմում հայտ, ինչը, Գագիկ Մելիքյանի խոսքով, մտորելու առիթ է տալիս: