ԳԱԱ-ն կշարունակի ղեկավարել «քոսոտ երկրի» կնքահայրը
Գիտությունների ազգային ակադեմիան անհապաղ վիրահատական միջամտության կարիք ունի, թերապիան այլևս անօգուտ է. այն չի կարող առողջացնել այդ համակարգը, քանի որ ԳԱԱ-ն շարունակելու է ղեկավարել «քոսոտ երկրի» կնքահայրը:
Ռադիկ Մարտիրոսյանն առանց մրցակցի ու ձայների մեծամասնությամբ վերընտրվեց իր պաշտոնում, մինչդեռ առնվազն 2 ծանրակշիռ պատճառ կար նրան այդ պաշտոնում չտեսնելու համար: 80-ամյա ծերունին պիտի վաղուց թոշակի անցներ ու իրենց բակի տարեցների հետ շախմատ խաղար և հաջորդը՝ քվեարկության մասնակիցները դեմ քվեարկելով ուղղակի պիտի պատժեին նրան՝ «քոսոտ երկրում» չապրելու համար:
Այդ մարդը մեր երկրի գիտությանը չի հավատում և 10 տարի նախագահելով ակադեմիան` փաստորեն, մեկ խոսքով, ամփոփիչ գնահատական տվեց իր նախագահության տարիներին: Եթե անգամ երկիրը «քոսոտ» էլ լիներ, նա իրավունք չուներ ի պաշտոնե արտաբերելու այդ բառը, քանի որ նույնիսկ շատ ու շատ «քոսոտ երկրներում» գիտությունների ակադեմիա են պահում, որ երկիրը նաև իրենց շնորհիվ դուրս գա այդ կարգավիճակից:
Բայց մեր ԳԱԱ-ն 108 կողմ ձայնով ընտրեց իրենց նախագահ Ռ. Մարտիրոսյանի պատկերացրած երկրի ճանապարհը, միայն 19-ը համարձակվեց դեմ քվեարկել նրան: Հիմա ի՞նչ գիտական մտքի արգասիք պիտի ակնկալենք մեր ԳԱԱ-ից, եթե «ոչ քոսոտ» կյանքով ապրող այդ կառույցի ղեկավարն ունի իր «դարակազմիկ ծրագրերին» հավանություն տվող գիտնականների մի ողջ բանակ: