Ադրբեջանցիների հետ ես կխոսեմ այն ճշմարիտի մասին, որը տեսել եմ. Հռոմի պապ
Ադրբեջանցիների հետ ես կխոսեմ այն ճշմարիտի մասին, որը տեսել եմ, այն բանի մասին, ինչ զգացել եմ, բայց և կքաջալերեմ նրանց: Այդ մասին Հայաստանից Վատիկան վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը` պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ ինչ պատգամ է հղելու այդ երկրին:
«Ես ձեզ այսքանը կասեմ. մի փոքր հողակտորի համար խաղաղություն չհաստատելը (որովհետև դա մեծ խնդիր չէ) ինչ-որ մութ բան է նշանակում, այնպես չէ՞: Ես, սակայն, սա ասում եմ բոլոր հայերին և ադրբեջանցիներին: Հնարավոր է` նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղություն գտնելու հարցում: Այս հարցի շուրջ նրանք պետք է աշխատեն: Ես չգիտեմ, թե էլ ինչ ասել: Այս պահի դրությամբ հենց դա է բխում իմ սրտից` միշտ դրականորեն փորձել գտնել կենսական լուծումներ, որոնք առաջ են տանում»,- ասել է Հռոմի պապը: