Վիրավոր զինծառայողների մոտ առկա է դրական դինամիկա. նախարար
«Դեռևս երեք վիրավոր զինծառայող գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, մեկ զինծառայող արդեն տեղափոխվել է պալատ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հավելելով, որ բոլորի մոտ կայուն դինամիկա կա` դրական միտումներով:
Նախարարը Գերմանիայի Համբուրգ քաղաքում բուժում ստացող Արման Լեզգինյանի առողջական վիճակի վերաբերյալ ասաց, որ մշտապես կապ է հաստատում հիվանդանոցի աշխատակիցների հետ և այսօրվա դրությամբ նրա մոտ կայուն վիճակ է՝ չբացառելով, որ հետագայում նա կտեղափոխվի նեղ մասնագիտացված հիվանդանոց:
Հարցին, թե Արման Լեզգինյանի ծնողները բողոքում են, որ պետական աջակցություն չեն ստացել, Ա. Մուրադյանն ասաց, որ նման բան չի կարող լինել, որ պետությունը մասնակցություն չունենա, որովհետև սկսած առաջին գծից` մինչև նեղ մասնագիտական բուժօգնություն պետական հովանու ներքո է եղել։
«Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա հիվանդանոցը նպատակահարմար է գտել, որ ինքը կհովանավորի և բարերարության կեցվածքով հանդես կգա, ինչը ողջունելի է»,- ասաց նախարարը:
Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև Հայաստանում բուժում ստացող զինծառայողներին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելուն և ասաց, որ եթե լինեն համապատասխան դիմումներ, ապա կձևավորվի մասնագիտական հանձնաժողով, կքննարկեն դիմումները: