Գայանե Առուստամյանի գործով նոր ապացույցներ կներկայացվեն. ՀՔԱՎ
ՀՀ Վարչական դատարանում, հունիսի 21-ին, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվել է ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Գայանե Առուստամյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ` նախորդ դատական նիստը հետաձգվել էր Գ. Առուստամյանի ներկայացուցչի՝ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու կամ գործի վարույթը կարճելու միջնորդությունները քննարկելու անհրաժեշտությամբ:
Դատական նիստին մասնակցում էին հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ու պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Դատարանը, առանձին քննարկելով Գ. Առուստամյանի ներկայացուցչի միջնորդությունները, գտավ, որ առկա չեն դրանք բավարարելու հիմքեր, և որոշեց մերժել ներկայացված միջնորդությունները:
Այնուհետև դատարանն անցավ գործում առկա ապացույցների հետազոտման փուլին, որի ընթացքում հետազոտվեցին ինչպես՝ հայցվոր, այնպես էլ հակընդդեմ հայցվոր կողմի ներկայացրած ապացույցները, կողմերի պահանջով հրապարակվեցին դրանց անհրաժեշտ հատվածները: