Պուտինն անորոշ ժամանակով հետաձգեց լարվածությունը. Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը «Անդրադարձ» մամուլի ակումբում անդրադարձավ նախագահների` սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպմանը: Նախ վերլուծաբանը հորդորեց դրանք չորակել որպես բանակցություններ, որովհետև Ադրբեջանը որևէ անգամ չի կատարում իր գրավոր և բանավոր պարտավորությունները, չի հարգում հրադադարի ռեժիմը:
Ստյոպա Սաֆարյանն այս հանդիպումը որակեց ավելի շատ Մոսկվայի ամբիցիաները բավարարելու փորձ. այսկերպ Ռուսաստանը լեգիտիմացրեց իր կողմից կազմակերպվող հանդիպումը:
Ցավոք, պետք է արձանագրել, որ մենք վերադարձել ենք 2008թ.: Հերթական անգամ արձանագրվեց ԼՂՀ-ին բանակցություններից դուրս մղելու փաստը: Այս առումով, ըստ Ստյոպա Սաֆարյանի, պաշտոնական հայտարարության հետնահանջ ունենք, քանի որ ապրիլյան օրերին հայտարարում էինք ԼՂՀ-ի բանակցային կողմ լինելու մասին, իսկ հետագայում մեր պահանջների առումով համառ չգտնվեցինք. ավելին` սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում շրջանցվեց Վիեննայի պայմանավորվածությունը:
Ստյոպա Սաֆարյանը հորդորեց ուշադիր հետևել ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններին` չբացառելով, որ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները տարածաշրջանում կարող է համընկնել:
Վերլուծաբանը չբացառեց պատերազմի սպառնալիքը: Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի օրակարգային տարբեր թեմաների մասին` առ այն, որ Վ. Պուտինը խոսում էր ՀՀ ինտեգրացիոն գործընթացներից, գյուղմթերքի արտահանումից, վերլուծաբանը դիտարկեց այն համատեքստում, որ Վ. Պուտինն ասելիք չունի Հայաստանին. այն ինչ պիտի ասի, դա կարող է լոկ դժգոհություն առաջացնել: Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` Պուտինն անորոշ ժամանակով հետաձգեց լարվածությունը:
Մանրամասները` տեսանյութում