Համայնքների խոշորացումը` դրսի նախագիծ
Համայնքների միավորման խնդիրն իսկական պատուհաս է դարձել սահմանամերձ կոթեցիների և հարակից գյուղերի բնակիչների համար: Գյուղացիները նշում են, որ տարբեր լրատվամիջոցների օգնությամբ դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով ուսումնասիրել և մամուլի միջոցով արձագանքել, թե արդյոք Սահմանադրությանը և ՀՀ օրենսդրությանը համապատասխա՞ն է Ազգային ժողովի ընդունած` համայնքների խոշորացման օրինագիծը:
«Հայաստանը բանկրոտ է դառնում, Եվրամիությունն էլ խոշորացվող համայնքների համար փող է տալիս, դրա համար էլ խոշորացնում են»,- Newspress.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է տեղի բնակիչներից մեկը:
Նախաձեռնող խմբի կարծիքով` օրինագիծն ԱԺ է ներկայացվել ՀՀ Սահմանադրության 183 և 190 հոդվածների խախտմամբ, ինչպես նաև Տեղական հանրաքվեի մասին ՀՀ օրենքի 7-րդ գլխի խախտմամբ:
«Մենք մտադիր ենք, մեր բողոքը բարձրացնել Ազգային ժողովի բոլոր այն խմբակցությունների դեմ, ովքեր կողմ են քվեարկել օրինագծին: Հիմնավորումների դեպքում, մտադիր ենք դիտարկել նաև ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը, իսկ վճռի` չբավարարվելու դեպքում հասնել Եվրադատարան: Հիմա դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել մեզ` գտնելու լավագույն փաստաբաններին` մեր գնահատականները մասնագիտական՝ գրագետ և փաստարկված եզրահանգման բերելու համար»,-ասում են համայնքների բնակիչները և շեշտում, թե ուր՞ մնաց տեղական ինքնակառավորոմը, պետությունը չպետք է խառնվի համայնքային կառավարմանը:
Արդեն մեկնարկել է ստորագրահավաքը, որը կներկայացվի Սերժ Սարգսյանին: Համայնքների բնակիչների հիմնական պահանջն է` չեղարկել Նոյեմբերյան քաղաքի և մի շարք սահմանամերձ համայնքների միավորման գործընթացը:
Լուսանկարը` Ֆոտոլուրի