Արգենտինան Ամերիկայի գավաթի եզրափակչում է, Մեսսին` հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականն ԱՄՆ-ում շարունակվող Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցն է:
Կիսաեզրափակչում մրցաշարի գործող փոխչեմպիոնը 4 անպատասխան գնդակ ուղարկեց ԱՄՆ-ի հավաքականի դարպասը:
Ընդմիջումից հետո դուբլի հեղինակ դարձավ իտալական «Նապոլիի» ռմբարկու Գոնսալո Իգուաինը, իսկ առաջին խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան Էզեկյել Լավեսին ու Լիոնել Մեսսին:
«Բարսելոնայի» հարձակվողն իր 55-րդ գոլը խփեց ազգային թիմում և դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն` շրջանցելով լեգենդար Գաբրիել Օմար Բատիստուտային:
Եզրափակչում արգենտինացիների մրցակիցը կլինի Չիլի-Կոլումբիա զույգի հաղթողը: Ամերիկայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակչում Չիլիի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Արգենտինային՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով աշխարհամասի չեմպիոն: