«Գազպրոմբանկի»` 5 մլրդ դոլարի ներդրումն Ադրբեջանում նման է քաղաքական ներխուժման. Ստյոպա Սաֆարյան
«Գազպրոմբանկն» Ադրբեջանում գազավերամշակման նախագծի ֆինանսավորման մեջ հանդես կգա 5 մլրդ դոլար ներդրումային չափաբաժնով: Ադրբեջանի «Սոկարն» ու ռուսական «Գազպրոմբանկն» այդ կապակցությամբ հուշագիր են ստորագրել: Ստորագրված հուշագիրը 5 մլրդ դոլարի մասին է, բայց թե որքանով իրականություն կդառնա այդ հուշագիրը, դեռևս դժվար է ասել:
Ինչ աշխուժություն կմտցնի այդ ներդրումն Ադրբեջանում՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, սա այնքան էլ տնտեսական շահավետ գործարք չէ Ադրբեջանի համար, քանի որ այս ներդրումն ավելի շատ նման է քաղաքական ներխուժման:
«Թերևս ռուսական այս ներդրումն Ադրբեջանի տնտեսության մեջ վկայում է, որ Մոսկվան տնտեսական ազդեցության գործիքներ է ստեղծում: Ադրբեջանի տնտեսությունը մեծ կախվածություն չունի Ռուսաստանից, ինչպես Հայաստանինը: Տնտեսության հիմնական ուղղությունը Բաքվի արդյունահանումն է, որտեղ արևմտյան ընկերությունները դոմինանտ են: Այժմ նկատելի է, որ Ռուսաստանը ներխուժում է այդ ոլորտ: Տնտեսական առումով ռուսական ներդրումն Ադրբեջանի համար կարևոր է, հատկապես անցած տարեվերջյան արժութային-տնտեսական ճգնաժամից հետո: Բայց քաղաքական առումով, իհարկե, Ադրբեջանի խնդիրները շատանալու են: Ադրբեջանը, որ միշտ զգուշավորություն էր պահպանում ռուսական տնտեսությունից կախված լինելու առումով, այժմ իր կարծիքով դիվերսիվիկացնում է այն: Համոզված եմ, սակայն, որ այն ռուսական քաղաքական ներխուժում է, ոչ թե տնտեսական շահավետ գործարք» ,- ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: