Հալածանք է, որի պատվիրատուները փորձում են երերացող աթոռների տեղն ամրապնդել. «Ժառանգությունը»` Սէֆիլյանի ձերբակալության մասին
Երեկ ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը ավելի վաղ հարուցված մի քրգործի շրջանակներում ապօրինի կերպով զենք և ռազմամթերքներ ձեռք բերելը, փոխադրելն ու պահելը կազմակերպելու կասկածանքով ձերբակալել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդներից մեկը հանդիսացող Ժիրայր Սէֆիլյանին:
«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիր գործչի նկատմամբ իրականացվող հերթական քաղաքական հետապնդումները, որոնք այս անգամ պայմանավորված են տարածքային զիջումների և, մասնավորապես, արցախյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների դեմ վճռականորեն հանդես գալու՝ նրա դիրքորոշմամբ:
Անընդունելի ենք համարում շինծու մեղադրանքով քաղաքական գործիչներին, ազատամարտիկներին, հանրության հարգանքն ու վստահությունը վայելող անձանց մեկուսացնելու, ահաբեկելու կամ բարոյապես ընկճելու՝ օրվա իշխանությունների անփոփոխ գործելակերպը: «Ժառանգության» գնահատմամբ՝ սա քաղաքական հալածանք է, որի պատվիրատուները փաստորեն փորձում են իրենց երերացող աթոռների տեղն ամրապնդել երկրի պաշտպանունակությունն ու ազզգային անվտանգությունը թուլացնելու գնով:
Պայքարը շարունակվում է: