Շարմազանովի գոհունակությունը Ռուսաստանի բանջարաբոստանային քաղաքականությանը
«Եթե մենք պատերազմի գնալու փոխարեն գնում ենք բանակցությունների, արդեն իսկ դրական է». ՀՀԿ- ական Էդուարդ Շարմազանովի գնահատականն է սանկտպետերբուրգյան հանդիպմանը: Բայց մինչ Շարմազանովը կխոսի, հարկավոր է հասկանալ, թե իրականում ինչ տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգում:
Մասնագետները չեն բացառում, որ սա կարող է նոր առևտրի սկիզբ լինել, և Բաքուն Մոսկվայի միջոցով նոր տարածքներ ստանա: Ի դեպ, Սարգսյան-Պուտին հանդիպմանը երկու երկրի նախագահները խոսում էին տրամագծորեն տարբեր խնդիրներից: Սերժ Սարգսյանը խոսում է հետաքննող մեխանիզմի տեղադրման մասին, Պուտինը խոսում էր ինտեգրացիոն նախագծերի մասին` շեշտելով, որ Հայաստանը բավական մեծ օգուտներ է ստացել, սեփական գյուղատնտեսական ապրանքները ռուսական շուկա մտցնելով: Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը հարևան Ադրբեջանում լայնամասշտաբ խոշոր ներդրումային ծրագրեր է իրականացնում:
Օրինակ` առաջիկայում «Գազպրոմբանկն» Ադրբեջանում գազավերամշակման նախագծի ֆինանսավորման մեջ հանդես կգա 5 մլրդ դոլար ներդրումային չափաբաժնով: Ադրբեջանի «Սոկարն» ու ռուսական «Գազպրոմբանկն» այդ կապակցությամբ հուշագիրն արդեն ստորագրել են:
Մինչդեռ հայկական կողմին Ռուսաստանի ասելիքը բանջարաբոստանային կուլտուրաներից այն կողմ չի անցնում, քանի որ Ռուսաստանը լավ գիտի, որ ինչ էլ խոսեն, հաստատ կլինեն շարմազանովներ, ովքեր առաջինը գոհ կմնան նմանատիպ միջոցառումներից: