Գյուղապետը` Գագիկ Հարությունյանի մեղուների, նիհար արջի և հայրական տան գույքահարկի մասին
Օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի` Կոտայքի մարզի հայրենի Գեղաշեն գյուղից արջ է փախել:
Newspress.am-ը կապ հաստատեց Գեղաշենի գյուղապետ Արմեն Հովհաննիսյանի հետ` ճշտելու համար, թե արջն ո՞ւր է փախել, և արդյոք գյուղացիներին վտանգ չի՞ սպառնում:
Գյուղապետը պատասխանեց, թե այդ տարածքում արջ է եղել մոտ հինգ տարի առաջ, և դա հին խոսակցություն է: Զառ գյուղի բնակիչներն են ահազանգել և իրենք էլ արջին սպանել են: Արջը չի պատկանել Գագիկ Հարությունյանին. վերջինս միայն մեղու է պահում:
«Քանի որ այդ արջը գարնան նիհար արջ էր, Սննդի անվտանգության պետական ծառայությունը խորհուրդ չի տվել օգտագործել արջի միսը»,- ասաց գյուղապետը:
Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ Գագիկ Հարությունյանը հաճախ է լինում հայրական տանը:
Ի դեպ, Գագիկ Հարությունյանի հայրական տունը գույքահարկի չի ենթարկվում. «Քառասունականներին կառուցված, փոքր, հին տուն է, դրանից ի՞նչ գույքահարկ»,- ասաց գյուղապետը: