Հայաստանը Մեքսիկայում նոր դեսպան ունի
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Այվազյանը հունիսի 20-ին իր հավատարմագրերը հանձնեց Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին: Այս մասին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Շնորհավորելով և հաջողություն մաղթելով դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում` նախագահ Նիետոն հույս է հայտնել, որ այսուհետև երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն և դինամիկա:
Նույն օրը` ավելի վաղ, ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Մեքսիկայի արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Կառլոս դե Իկասային: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակին և փոխգործակցության զարգացման հեռանկարներին:
Դեսպան Այվազյանը նաև ճեպազրույց է ունեցել Մեքսիկայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ հայ ժողովրդի և կառավարության բարեմաղթանքները փոխանցելով բարեկամ Մեքսիկայի ժողովրդին և ուրվագծելով երկու երկրների միջև համագործակցության շրջանակները: