Տավուշի մարզի բնակիչները բողոքի ակցիայով դիմավորեցին Դավիթ Լոքյանին
Այսօր Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանդիպում է ունեցել Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ: Օրակարգային խնդիրը համայնքային խոշորացումն է, որին դեմ են սահմանամերձ համայնքերի գրեթե բոլոր ներկայացուցիչները:
«Ի՞նչ է նշանակում համայնքային խոշորացում, դա մեր երկրի համար չէ: Ուրեմն մի հատ փաստաթուղթ ստորագրելու համար պետք է կիլոմետրեր կտրեմ-հասնեմ Նոյեմբերյան: Մենք գյուղացի մարդիկ ենք, շատերս փոխադրամիջոց չունենք: Այդ որոշումը ոչ մեկիս համար նպաստավոր չի կարող լինել»,- Newspress.am-ի հետ զրույցում ասաց սահմանամերձ Կոթիի բնակիչներից մեկը:
Բնակիչները պահանջում են իրենց իրավունքները, քանի որ համարում են, որ մարդու իրավունքների կոպիտ խախտում է նկատվել, այն է ՝ առանց բնակչությանը տեղյակ պահելու խորհրդարանում խնդիրը քննարկման է դրվել: Դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին, չի բացառվում, որ խնդիրը մինչև Եվրադատարան կհասցնեն:
Ի պատասխան Դավիթ Լոքյանի հորդորներին, թե սա արվում է ժողովրդի բարեկեցության և սահմանի անվտանգության համար, որ այս նախագծի համար լուրջ դրամաշնորհներ են ներդրվել, և շատ այլ երկրներում համայնքային միավորումը լավ արդյունքների է հանգեցրել՝ սահմանապահ բնակիչները բերել են հարևան Վրաստանի օրինակը և ձախողումը:
«Հիմա Վրաստանում ստորագրություններ են հավաքվում համայնքներն առանձնացնելու համար, իսկ մենք ստորագրություններ ենք հավաքում մեր համայնքները չմիացնելու համար»,- ասում են բնակիչները:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը խոստացել է ժողովրդի պահանջներն ու իրավիճակը ներկայացնել ՀՀ նախագահին, որպեսզի իրավիճակին ճիշտ լուծում տրվի: