Բարդ բանակցություններ են սպասվում. Պեսկով
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա բանակցությունների հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրումն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
«Գլխավոր խնդիրն այժմ ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է, թույլ չտալ, որ կորչի այն ամբողջ կատարված աշխատանքը, որը եղել է Ղարաբաղի շուրջ բռնության վերսկսման պահին: Բարդ բանակցություններ են սպասվում»,- նշել է Պեսկովը:
Պեսկովը նաև ասել է, որ հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում նախ կանցկացնի առանձին-առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:
«Նախագահն առանձին հանդիպումներ կանցկացնի: Նախ նա կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այնուհետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրանից հետո միայն կկայանա աշխատանքային նախաճաշ արդեն երեք երկրի նախագահների մասնակցությամբ, այսինքն՝ կլինեն Պուտինը, Սարգսյանն ու Ալիևը»,- ասել է Պեսկովը: