Սա լկտի պահվածք է, և պետք է շուտափույթ քրեական գործ հարուցվի. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում հունիսի 17-ին մահացած հայտնաբերված 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանի մարմնի վրա կապտուկներ են եղել: Հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը:
«Թևերի վրա կապտուկներ կային, ոտքերի վրա` հետքեր: Շրթունքը ճղված էր, քիթը` քերծված, ոտքերի վրա հետքեր կային, կրակած էր բերանի մեջ»,- դեպքից մեկ օր հետո News.am-ին ասել է Նորիկ Ավագյանը: Բարեկամը պատմել է, որ զորավարժությունների գնալու ճանապարհին է դեպքը եղել: «Վատ է զգացել ճանապարհին, հրամանատարին ասել է, որ վատ է, ժիլետը հանել է, թողել են ճանապարհին, էդպես գնացել են: Հետո հաջորդ վաշտն է եկել, տեսել են` մահացած զինվոր կա: Ու մեզ այն է վրդովեցնում, որ անօգնական զինվորին հրամանատարը թողել, գնացել է»,- ասել է բարեկամը:
Հրանտ Գրիգորյանը 11 ամսվա զինծառայող էր: Նա մասնագիտությամբ ատամնաբույժ էր, մի քանի օրից պետք է տանեին զորամաս` ֆելդշեր աշխատելու:
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ սա այն դեպքն է, որ հերքում չկա, և պետք է շուտափույթ քրեական գործ հարուցվի, ամեն մեկը իր տեղում պատասխանատվության ենթարկվի, սա լկտի պահվածք է: