Պուտինն այսօր Սարգսյանի և Ալիևի հետ կքննարկի Ղարաբաղյան հակամարտությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցը:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նշել է` նախատեսվում է, որ Պուտինը նախ առանձին-առանձին հանդիպումներ կունենա Սարգսյանի և Ալիևի հետ, իսկ հետո երեք նախագաները միասին կշարունակեն բանակցությունները:
Կրեմլը պատրաստվում է ձեռնարկել ակտիվ քայլեր, որպեսզի աջակցություն ցուցաբերի կողմերին` կարգավորելու հակամարտությունը, ընդգծել է Ուշակովը` հիշեցնելով, որ Ռուսաստանը որոշիչ դեր է ունեցել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբին դադարեցնելու գործում:
Պուտինն այդ ժամանակ, մասնավորապես, անցկացրեց մի քանի հեռախոսազրույց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, Մոսկվա հրավիրվեցին երկու երկրի գլխավոր շտաբերի պետերը, ապրիլի սկզբին Երևան և Բաքու այցելեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Այժմ, մենք մեր միջնորդական առաքելությունը կիրականացնենք, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ամբողջական փոխգործակցությամբ՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են 2009-2013 թվականներին Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարություններին համապատասխան»,- ասել է Ուշակովը:
Այդ սկզբունքները վկայում են, որ Ղարաբաղյան հիմնախնդիրն ուժային ճանապարհով լուծելն անթույլատրելի է: