Եթե որևէ մեկը ձեր պապին սրբապղծում է, չպետք է մտնի Հայաստան. Ս. Հացպանյան
Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ժամանում է Հայաստան` մասնակցելու Գերագույն հոգևոր ժողովի նիստերին:
Նրա այցելությունը միանշանակ չի ընդունվում, քանի որ Էրդողանին ուղղված` Աթեշյանի նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի´ նախագահ, Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը մեր ժողովրդի մեջ հարուցել է խոր ափսոսանք»։ Աթեշյանն իր խոսքում նշել է, որ Թուրքիայի հայ համայնքը կիսում է ժողովրդի մտահոգությունները։
Տարածաշրջանային հարցերով վերլուծաբան-փորձագետ Սարգիս Հացպանյանն Արամ Աթեշյանի այցի կապակցությամբ Newspress.am-ին ասաց, որ Աթեշյանի նման պահվածքը սրբապղծություն է 1.5 մլն հայ զոհերի հիշատակի առջև և եթե որևէ մեկը ձեր պապին սրբապղծում է` արժանապատիվ կեցվածք ունեցող գիտի` ինչ անի:
«Ոչ ոք թույլ չի տվել և չի կարող սրբապղծել մեր հայրերի հիշատակը: Նա չպետք մտնի Հայաստան»,- ասաց նա: Եվ մատնանշելով Աթեշյանի հոգևոր կոչումը` ասաց, որ եթե որևէ հրեա, անգամ հոգևոր դասի ներկայացուցիչ, եթե իրեն նման արարք թույլ տար, նրան կթողնեի՞ն մտնել Իսրայել: Կարո՞ղ եք նման բան երևակայել»,- հարց է տալիս Հացպանյանը:
Նա հիշեցրեց, որ ծանոթ է Պոլսո պատրիարք եղել Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի հետ, ով Հայոց ցեղասպանության վերաբերյալ արժանապատիվ կեցվածք ուներ:
Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ Արամ Աթեշյանը պատանդ է Թուրքիայում և ստիպված է եղել նման կերպ արձագանքել, նշեց, որ հասկանում են` սխալ բան է արել և ուզում են նման կերպ մեղմել իրավիճակը:
Սարգիս Հացպանյանը հիշեցրեց, որ Արամ Աթեշյանին հոգևոր սքեմ հայերն են հագցրել, ոչ թե թուրքերը, և պետք չէ այն չարաշահել, նաև հավելեց, որ Բունդեսթագում ազգությամբ թուրք պատգամավորները կողմ են քվեարկել Ցեղասպանության բանաձևին, իսկ հայը դեմ է արտահայտվում. «Ինչքան էլ փորձում եմ հասկանալ, չեմ կարողանում»: