Հայաստանն աշխարհում 34-րդ երկիրն է, որն ունի միջազգային չափանիշներին համապատասխան փրկարարներ
Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել կառավարության կողմից ներկայացված «Փրկարարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու և վարչական խախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի հիմնական զեկուցողն ԱԻՆ տեղակալ Հայկարամ Մխիթարյանն է, ում հարցեր ուղղեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ հետաքրքրվելով միջազգային համագործակցությունից.
«Մի շարք ծրագրերի հետ համագործակցում է ԱԻՆ-ը, ինչպես ՄԱԿ-ի զագացման, Ճապոնիայի, եվրոպայի հանձնաժողովի մարդասիրության գրասենյակների և այլն, վերջերս ՀՀ-ն միացել է ՄԱԿ-ի աղետների ռիսկերի գնահատման ծրագրին, այս առումով ուզում եմ իմանալ` ի՞նչ աշխատանքներ են արվել այս հարցում, և գնահատվա՞ծ են արդյոք ՀՀ տարածքում աղետների, ռիսկերի դեմ ուղղված աշխատանքների ծավալները»,- հարցրեց Զաքարյանը:
Փոխնախարարը համաձայնեց պատգամավորի դիտարկումների հետ՝ նշելով, որ բավականին աշխատանքներ կատարվել են, նաև կատարվելու են, բացի այդ ասաց, որ Հայաստանն աշխարհում 34-րդ երկիրն է, որն ունի միջազգային չափանիշներին համապատասխան փրկարարներ.
«Եթե նախկինում փրկարարական աշխատանքներ ներմուծող երկիր էինք, ապա այսօր դարձել ենք արտահանող երկիր, դրան հասնելու համար մեծ է եղել միջազգային գործընկերների դերը»,- ասաց Հայկարամ Մխիթարյանը:
Ինչ վերաբերում է աղետների ու ռիսկերի զսպման մեխանիզմներին` փոխնախարարը նկատեց, որ բազմաբնույթ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ: Օրինակ բերելով` փոխնախարարն ասաց, որ 2 տարի առաջ ճապոնական մեր գործընկերների հետ շուրջ 2,5 տարվա ընթացքում համագործակցության արդյունքում կարողացանք գնահատել ողջ Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկը: