ՀՔԾ-ն Եղիշե Խաչատրյանի սպանության ականատեսներին կոչ է անում տեղեկություններ հայտնել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում այն քաղաքացիներին, որոնք 58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) սպանության վերաբերյալ տեղեկություններ ունեն կամ ականատես են եղել միջադեպին, դիմեն իրենց:
ՀՔԾ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում հայտնի լեզվաբան Փ. Մեյթիխանյանի ամուսնուն՝ Եղիշե Խաչատրյանին, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու և սպանելու դեպքին ականատես են եղել տեղանքով երթևեկող ավտոմեքենաներում գտնվող անձինք:
Այն քաղաքացիները, ովքեր կարող են դեպքին առնչվող տեղեկություններ հայտնել կամ իրենց տրամադրության տակ ունեն դեպքին վերաբերող տեսանյութեր կամ լուսանկարներ, խնդրվում է դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ Վ. Վաղարշյան 13ա, հեռ.՝ 011 900-035, 011 900-039, էլ. փոստ՝ [email protected]):
Տեղեկատվությունը տրամադրող անձանց գաղտնիությունը երաշխավորվում է»:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ն, Արտաշես Չ.-ն, Արարատ Ն.-ն և ինքնությունները չպարզված այլ անձինք Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Ե. Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Գործով 3 մեղադրյալները՝ 26-ամյա Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանը կալանավորված են: