Ուորլիքը կմասնակցի Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպմանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Այս մասին ԱՊԱ գործակալության հետ զրույցում նշել է ինքը` Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ ինքը հույս ունի, որ Վիեննայում մայիսի 16-ին կայացած նախագահների հանդիպումը կունենա իր շարունակությունը:
«Ես անհամբերությամբ սպասում եմ այդ հանդիպմանը: Մենք հուսով ենք, որ կողմերը կամփոփեն ԵԱՀԿ միջադեպերի հետաքննման մեխանիզմի իրագործման մասին պայմանավորվածությունների արդյունքները և կվերականգնեն խաղաղության բազմակողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- նշել է նա:
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում առանձին-առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրանից հետո միայն հանդիպումը կընթանա եռակողմ ձևաչափով: