Տեսեք` ովքեր են հրահրողները. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)
«Այսօր Վարդան Այվազյանն իրեն պահել է շատ պարկեշտ, ընդամենը վարման կարգի հետ կապված պետք է ելույթ ունենար, և չես հասկանում` ինչու այստեղ շատ պոռթկուն ձևով տեղից թռնում են, ցանկանում են խոչընդոտել և խանգարել պատգամավորին: Վարդան Այվազյանը մինչև վերջ կոռեկտությունը պահպանել է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Վարդան Այվազյանի և Հրանտ Բագրատյանի միջև տեղի ունեցած վեճին:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը խորհուրդ տվեց մի փոքր փոխել ՀՀԿ-ական պատգամավորներին ուղղված սլաքների ուղղությունը. «Տեսեք` ովքեր են հրահրողները, ի՞նչ է, դուք մտածո՞ւմ եք, որ այնտեղից կարող են ինչ ասես արձագանքեն, ինչ ասես ասեն: Երեկ երևի նայել են, որ Ռադայում կռիվ է եղել, կամ Դումայում ինչ-որ վեճ է եղել, ասում են՝ ամոթ չի` նրանք կռիվ անեն, մենք այստեղ կռիվ չանենք: Չեն կարող անել, որովհետև ուժեղ մարդիկ աշխատում են, որ սաստեն»,- ասաց Բաղդասարյանը:
Դիտարկմանը, թե առաջին անգամ չէ, որ ՀՀԿ-ական պատգամավորները նման կերպ են վարվում, Բաղդասարյանն ասաց, որ դա բնական է, պատգամավորները ևս սովորական մահկանացուներ են, և նման վեճեր կարող են լինել. «Խորհրդարանում միայն քաղաքական վեճեր չեն, լինում են դեպքեր, երբ մարդիկ բորբոքվում են, ամենաքաղաքակիրթ երկրներում է լինում»:
Բաղդասարյանի խոսքով՝ երբևէ ՀՀԿ-ական պատգամավորները նման երևույթների դրդապատճառ չեն դարձել, նրանք պատասխանողի դերում են և երբեմն նույնիսկ չեն պատասխանում:
Հարցին, թե արդյոք նորմա՞լ է, որ պատգամավորները միմյանց «քաղաքական բիջ» են ասում, Բաղդասարյանն ասաց, որ չկան խորհրդարաններ, որտեղ վեճեր չլինեն, որտեղ ցենզուրայից դուրս արտահայտություններ չլինեն:
«Իհարկե, մենք դատապարտում ենք, մեզ համար ցանկալի կլինի, որ այստեղ լինեն շատ քաղաքակիրթ քննարկումներ, սակայն այդ դեպքում լրագրողներիդ հետաքրքիր չի լինի, բա ի՞նչ եք գրելու »,- կեսկատակ ասաց Բաղդասարյանը:
Տեսանյութը` Newspress.am-ի