Աջարիայի ծովափնյա հյուրանոցներում գները բարձրացել են 40%-ով
Նախորդ տարվա համեմատ Ուրեկիից մինչև Սարպի ձգվող աջարական հանգստավայրերում այս տարի՝ ամառային ծովափնյա սեզոնին զուգընթաց, գնային լուրջ բարձրացումներ են սպասվում: Newspress.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Նա նաև նշեց, որ զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում, որը հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում ավելանալու է:
«Մի շարք հյուրանոցներ և սպասարկման այլ օբյեկտներ թանկացրել են մատուցվող ծառայությունների գները, և ինչպես հանգստացողների, այնպես էլ որոշ կազմակերպությունների մոնիթորինգի տվյալները հուշում են, որ գներն ավելի կբարձրանան, և ներկայումս արձանագրված՝ նախորդ տարվա համեմատությամբ, մոտ 30-40% գնաճը կարող է հասնել մինչև 50-60%-ի»,- ասաց վրացագետը:
Նա նաև փոխանցեց, որ տեղի իշխանություններն իրավասություն չունեն միջամտելու զբոսաշրջային կենտրոնների գնային քաղաքականությանը, իսկ հյուրանոցների ներկայացուցիչները փոխանցել են, որ իրենք հիմնական շեշտը դնելու են, ծառայությունների բազմազանության և որակի մակարդակը բարձրացնելու վրա:
Ալիկ Էրոյանցը հիշեցնում է, որ դեպի աջարական ծովափեր զբոսաշրջիկների թվի ավելացումը պայմանավորված է նաև ռուս-թուրքական լարվածությամբ. թուրքական ծավափնյա հանգստավայրերից հրաժարվող ռուս զբոսաշրջիկների մի մասն այս տարի հանգստանալու է Սև ծովի ափերին, որով էլ հիմնականում պայմանավորված է գնային թռիչքը: