Վաչե Գաբրիելյանի ազգականի՝ կաշառակերության գործն ուղարկվել է դատարան
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Երևան կենտրոնի Նորք Մարաշի, Նոր Նորք և Կենտրոնի տարածքի բաժնի պետ Արմեն Լևոնի Թորոսյանի` նույն բաժնի գլխավոր մասնագետ, տեսուչ Հրահատ Լիպարիտի Հակոբյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին Newspress.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Լևոնի Թորոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, Հրահատ Լիպարիտի Հակոբյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով և Ռուզաննա Հովհաննեսի Բասմաջյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությամբ 24.05.2016 ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ Սննդի տեսչության ձերբակալված աշխատողների գործն առնչվում է Մաշտոցի 40 հասցեում գտնվող «Շահինանս» խանութին, որտեղ ընդեղեն են վաճառում:
ՍԱՊԾ աշխատակիցները ձերբակալվել էին փետրվարի 4-ին՝ կաշառք պահանջելու մեղադրանքով. նրանք ժամկետանց սնունդ են հայտնաբերել խանութում, և այս փաստի վրա աչք փակելու դիմաց 200 հազար դրամ կաշառք են պահանջել։
Հավելենք նաև, որ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրը համակարգում աշխատում է 2013 թվականից, իսկ 2014-ից նշանակվել է Երևան կենտրոնի Նորք Մարաշի, Նոր Նորք և Կենտրոնի տարածքի բաժնի պետ: