«ՀԺ». Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքներում արտահերթ ընտրություններ են նշանակվել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքներում հուլիսի 10-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են նշանակվել: Հիշեցնենք` նշված համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանն ու Մայիս Միրզոյանը զոհվեցին Մարտակերտի ճանապարհին հակառակորդի անօդաչու թոչող սարքի միջոցով ավտոբուսի ռմբակոծության հետևանքով։ 43 և 60-ամյա գյուղապետերը Սիսիանի ջոկատի կազմում Արցախ էին մեկնում ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին սատարելու համար։
Վաղվանից մինչև հունիսի 19-ը թեկնածուների առաջադրման համար նախատեսված ժամանակահատվածն Է։ Թեկնածուները ակտիվության ցուցաբերում են հատկապես Ախլաթյանում։ Մեր տեղեկություններով, այս գյուղում առաջադրվելու մտադրություն ունեն 3 անձինք։
Դարբասում ևս արդեն թեկնածուների անուններ են շրջանառվում։ Մասնավորապես, ըստ գյուղում տարածված տեղեկությունների առաջադրվելու մտադրություն ունի 1997-2012 թվականներին համայնքը ղեկավարած Ռոբերտ Խաչատրյանը։ Վերջինս ՀՀԿ-ական Է: Խոսվում է նաև, որ իր թեկնածությունն առաջադրելու է ավագանու անդամ Սաշա Ստեփանյանը։ Վերջինս հարում Է ԲՀԿ-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։