Ըստ Դավիթ Հարությունյանի՝ վարչապետի ասածը լավ չեն ընկալել
Կառավարությունն աշխատում է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Դիտարկմանը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մենաշնորհների դեմ պայքարում ժամանակ է պետք, ստացվում է՝ մեկ ամիս հետաձգե՞լ է մենաշնորհների դեմ պայքարը, նախարարը պատասխանեց. «Խորհուրդ եմ տալիս ևս մեկ անգամ ընթերցել վարչապետի ելույթը: Եթե ընկալելի չի լինի ձեր համար, նոր տվեք ձեր հարցերը»:
Դավիթ Հարությունյանը համամիտ չէր նաև կրճատումների մասին դիտարկումներին: Հարցին, թե ի՞նչ է օպտիմալացումը, կատաֆալկաներ կրճատե՞լ էր, քանի որ Գյուղատնտեսության նախարարությունը կրճատում է կատաֆալկա, Արդարադատության նախարարությունը՝ 1977 թ. մեքենաներ, Հարությունյանը հորդորեց, որ պետք է կրկին ծանոթանալ կրճատումների մանրամասներին:
«Եթե դուք ուշադիր հետևեք այն աղյուսակը, որ կառավարությունը հաստատեց, թե քանի մեքենա էր ֆինանսավորվում 2016 թ. բյուջեով և քանի մեքենա է ֆինանսավորվելու 2017 թ. բյուջեով՝ ձեզ համար տարբերությունն ակնհայտ կլինի»,- պատասխանեց նա:
Չշահագործվող և անպիտան մեքենաներն ավելի վաղ չկրճատելու մասին հարցը Դավիթ Հարությունյանն անպատասխան թողեց: