Բաքվի ճիգերն ապարդյուն են. Տիգրան Բալայան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել՝ Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի բացման շուրջ Ադրբեջանում ստեղծված իրարանցման շուրջ:
Գրառումը թարգմանաբար՝ ստորև.
«Հայտնի է, որ Հայաստանում Նժդեհի անունը կրում են հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան և նրա հիշատակին հուշարձաններ են տեղադրվել՝ թուրք զավթիչների դեմ նրա հերոսական պայքարի, Հայաստանի առաջին Հանրապետության օրոք աշխարհի քարտեզին այն ժամանակ առաջին անգամ հայտնված Ադրբեջանի պետության զինված կազմավորումների կողմից կոտորածներից բնակչությանն ու Հայաստանի տարածքները, այդ թվում՝ Զանգեզուրը, պաշտպանելու համար:
Ու իհարկե, անհասկանալի ոչ մի բան չկա այն բանում, թե ինչու գեներալ Նժդեհի հիշատակին նոր հուշարձանի բացումն Ադրբեջանում առաջացրեց պատվիրված հրապարակումների հերթական փոթորիկը: Հրապարակումներ, որոնք ՀՀ տարածքների հանդեպ Ադրբեջանի ղեկավարի կողմից բազմիցս բարձրաձայնվող նկրտումների ուղղակի հետևանքն են:
Անբարո ու ապարդյուն են Բաքվի ճիգերը՝ ստվեր գցել ֆաշիզմը ջախջախելու գործում հայ ժողովրդի անգնահատելի ներդրման վրա»: