ՀՀԿ-ն Գյումրիում Սամվել Բալասանյանին աջակցելու հարցը չի քննարկել
«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կառավարությունը հանդես կգա առաջարկություններով, իսկ 2016 թվականի կատարողականը քննարկվի հանձնաժողովներում: Ինքս բյուջեի վերանայման կարիք չեմ տեսնում»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ 2016 թվականի բյուջեն վերանայելու առաջարկին:
ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀԿ-ի կողմից Սամվել Բալասանյանին սատարելու մասին հարցին ի պատասխան` Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն քննարկման փուլը չի ավարտել.«Մեզ մոտ դեռ քննարկման փուլ է և մյուս շաբաթվա մեջ կամփոփենք: Սամվել Բալասանյանն այժմ աշխատում է, սակայն մեզ մոտ անվանական քննարկումներ չեն եղել, կքննարկենք և առաջիկայում կտեղեկացնենք»:
Պատգամավորը չհամաձայնեց նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մելքումյանի այն տեսակետին, թե հնարավոր է, որ ստվերային գումարների մի մասն ուղղվել է բանակին. «Չէի ցանկանա, որ որևէ քաղաքական գործիչ նման հայտարարությունն անի, քանի որ նման հայտարարություն անելուց հետո հիմնավորումներ է պետք: Ես նման տեղեկություն չունեմ և կարծում եմ, որ մեր ռազմական բյուջեն մենք ապահովում ենք օրինական ճանապարհով»: