Ինչպե՞ս կպայքարի «Հայկական վերածնունդը» կոռուպցիայի դեմ, եթե գա իշխանության
Այսօրվա մեխանիզմներով կառավարությունը չի կարող կոռուպցիայի դեմ պայքարել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
«Մենք բազմիցս արտահայտել ենք այն կարծիքը, որ կոռուպցիոները չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ: ՕԵԿ-ը բազմիցս ասել է, որ առկա մեխանիզմներով կառավարությունը չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ: Պետք է լինի անկախ մարմին, որտեղ ընդգրկված կլինեն մամուլը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ընդդիմությունը և պետական մարմիններից ներկայացուցիչներ»,- ասաց Շահգելդյանը:
Հարցին, թե եթե օրինակ իշխանության գա «Հայկական վերածնունդը», ապա ինչպես է պայքարելու ասենք՝ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի դեմ, Մհեր Շահգելդյանն ասաց. «Ինչ վերաբերում է ձեր նշած մարդկանց, ապա պետք է հասնել նրան, որ բոլորը հավասար լինեն օրենքի առաջ»: