Հայկ Խանումյանը տուժող է ճանաչվել
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը տուժող է ճանաչվել: Այդ մասին ասված է ԼՂՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
«ԼՂՀ ԱԺ պատգամավորին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական կատարվել է դեպքի վայր հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակի համապատասխան հատվածի զննություն, որի ընթացքում նաև արձանագրվել են այն շենքերն ու շինությունները, որոնց վրա տեղադրված են տեսագրող սարքեր, որոշում է կայացվել տեսագրող սարքերի դեպքին վերաբերող հնարավոր տեսագրություններն առգրավելու մասին:
Հ.Խանումյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Նշանակվել է տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն, որոշում է կայացվել Հ. Խանումյանի նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ տուժողի ցուցմունքի, հանցագործության ընթացքում հնչել են իրեն ուղղված սպառնալիքներ:
Դեպքին հնարավոր ականատես մի շարք անձինք հարցաքննվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Իրականացվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելուն»,- ասված է հաղորդագրության մեջ: