Վերջերս հիմնադրված «ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» ՍՊԸ-ն ստացավ ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն
Կառավարության նիստի ընթացքում էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը ներկայացրեց «ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին կառավարության որոշման նախագիծը: Նախագծի հիմքը հանդիսանում է տվյալ կազմակերպության հայտը, տնտեսական հանձնաժողովի եզրակացությունը և համապատասխան օրենքը:
Առաջակվում է «ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» ընկերությանը տրամադրել «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն, որն զբաղվելու է ոսկերչությամբ և արծաթագործությամբ , շահագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է ինը տարի: Նախատեսվում է, որ ինը տարվա ընթացքում նշված ընկերությունը մոտ 20 մլն դոլարի չափով ներդրում կանի, 2016 թվականի ընթացքում կբացի ինը աշխատատեղ, որը կհասցնի մինչև 50-ի, իսկ միջին աշխատավարձը կկազմի 250 000 դրամ: Կառավարությունն ընդունեց նախագիծը:
Newspress.am-ը էլեկտրոնային ռեգիստրի միջոցով պարզեց, որ նշված ընկերությունը հիմնադրվել է բոլորովին վերջերս՝ 2016 թվականի ապրիլի 14-ին, որի հիմնադիրը Լիբանանի քաղաքացի Ալին Աշճեանն է: