Քոչարյանին լավ եմ ճանաչում. Գալուստ Սահակյան (տեսանյութ)
Այն, ինչ արվել է Արցախում պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ, ես համարում եմ խուլիգանություն, ինչ սկսել են խոսել Բաբայանի մասին, դա էլ համարում եմ ժամանակի շունչն իր վրա վերցնող խոսակցություններ, որովհետև այնպես չէ, որ եթե Սամվել Բաբայանը վերադարձել է, ապա Արցախը փոխվում է: Այս մասին այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Որոշ ժամանակ առաջ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարել էր, որ Քոչարյանը լավ քաղաքական գործիչ է, սակայն թիմ չունի վերադարձի համար: Այժմ, սակայն, Քոչարյանն ակտիվացել է, և Սամվել Բաբայանի վերադարձը կապում են նրա հետ: Հարցին, թե այժմ է՞լ է Գալուստ Սահակյանն այն կարծիքին, որ Քոչարյանը թիմ չունի, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես ինքս Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատել եմ, շատ լավ ճանաչում եմ, իսկ թիմ ունենալու համար հարկավոր է երկար տարիներ պատրաստվել և բավականին փորձառու աշխատանք կազմակերպել: Այն, որ մարդը վերջին պահին մտածում է, որ ինչ-որ բան պետք է անի և մարդիկ է հավաքում, ապա դա թիմ չէ: Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանը նախապատրաստվում է ինչ-որ մի բան անելու, ապա ես դա չեմ տեսնում: Չկա որևէ քաղաքական գործիչ, մանավանդ նախագահների կողմից, ովքեր նախապատրաստվում են 2017-ի ընտրություններին»,- ասաց Սահակյանը: