Եվրո-2016-ի ընթացքում ահաբեկչությունների վտանգ կա. Օլանդը խոստովանում է
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում խոստովանել է, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության` ԵՎրո-2016-ի անցկացման ժամանակ ահաբեկչական հարձակման վտանգ կա: Այս մասին հայտնում է Yahoo News-ը` հղում անելով AFP-ին.
«Հարձակումների սպառնալիք կա, բայց մեզ չես վախեցնի»,- ասել է նա:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Եվրո-2016-ը հաջող անցնի»,- շարունակել է Ֆրանսիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի հունիսի 10-ին: Առաջնության ընթացում կկայանա 51 խաղ 10 տարբեր քաղաքում:
Ավելի վաղ «Новое время»-ն հաղորդել էր, որ Ֆրանսիայի ներքին հետախուզությունը զգուշացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները ծրագրում են իրականացնել նոր հարձակումներ Եվրո-2016-ի ընթացքում:
«Եվրոպոլից» հաղորդել են, որ Եվրոպայի առաջնությունն ահաբեկիչների համար «գրավիչ թիրախ» է հանդիսանում:
ԱՄՆ պետդեպարտամենտը ևս զգուշացում է տարածել Եվրոպայում այս տարի ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին: Մասնավորապես, ահաբեկիչների թիրախում հայտնված իրադարձությունների թվում նշվում են Եվրո-2016-ը, որը կայանելու է Ֆրանսիայում, «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքը, ինչպես նաև Երիտասարդության միջազգային օրը, որն անցկացվելու է Կրակովում: