Թուրքիայի արձագանքը ոչ ադեկվատ է. Լավրովը՝ Բունդեսթագի ճանաչած բանաձևի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Բունդեսթագի որոշման վերաբերյալ Թուրքիայի արձագանքին և որակել այն որպես ոչ ադեկվատ: Մեկ այլ՝ «Ռոսսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Լավրովը հետևյալ կարծիքն է արտահայտել.
«Ենթադրում եմ, որ դա, ի վերջո, բխում է Թուրքիայի՝ մի շարք հարցերում գործընկեր լինելու իրական ցանկության բացակայությունից, պարբերաբար սկանդալներ կազմակերպելու, իր գործընկերներին վիրավորելու, այդ թվում՝ Եվրոպայում, նրա փորձերից: Համարում եմ, որ նրանց արձագանքը Բունդեսթագի որոշմանը բացարձակապես անպատշաճ է»:
Նրա խոսքով՝ Մոսկվան դիտարկում է Գերմանիայի խորհրդարանի որոշումը միայն որպես պատգամավորների սեփական կամքի արտահայտություն:
«Կարծում եմ՝ դա պարզապես Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի կամքի արտահայտությունն է: Դիտարկում ենք դա որպես այդպիսին: Հավանաբար, որոշ դեր են խաղացել ինչ-որ պատկերացումներ, որոնք այդ քվեարկության նախաձեռնողներին դրդել են առաջարկել դա անել հատկապես այժմ, սակայն ես չեմ կարող ենթադրություններ անել այդ թեմայով: Բնականաբար, մենք իմացել ենք, որ պատրաստվում է այդպիսի քվեարկություն, սակայն միայն վերջին պահին»,- ասել է Լավրովը: