Քավորը գնում է սանիկի ճանապարհով
Հայաստանում ամեն ինչ ջրի երեսին է և բոլորն են ջրի երեսին, սակայն պատժվող չկա: Յուրաքանչյուր քաղաքացի, քիչ թե շատ գիտի, թե ինչ է կատարվում բանակում, իսկ արցախյան պատերազմը բազմաթիվ հարցերի պատասխան տվեց, իսկ հասարակության ռեակցիան չուշացավ՝ պատժել մեղավորներին:
Հայաստանում մեղավորները պաշտոնյաներ են, իսկ եթե պատժվում են, ապա մաքսիմումը ազատվում են պաշտոնից և կրկին չեն ենթարկվում պատասխանատվության: Այնուամենայնիվ, պաշտոնից ազատվում են արջի ծառայության մեջ թերանալու, նաև անձնական հարաբերություններում հաշիվներ ունենալու համար, բայց ոչ երբեք վատ աշխատելու, խոստումներ չկատարելու, օրենքին չենթարկվելու համար:
Բայց ապրիլյան դեպքերից հետո գոնե պատժվողներ պետք է լինեն, թեկուզ ենթակաների մակարդակով, իսկ պաշտոնաթողության համար պատասխանատվությունից խուսափելու այլ տարբերակ է ընտրվել. ոչ թե աշխատավայրից տուն, այլ աշխատավայր, հիվանդանոց հետո նոր տուն, բանտախցի ճանապարհ չկա:
Նախադեպեր կան. Մատաղիսի գնդի նախկին հրամանատար Հարություն Ամիրխանյանն ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը տեղում չի եղել, Ամիրխանյանն իր բացակայությունը չի հերքում, պարզապես պատճառը հարգելի է դարձնում՝ արձակուրդի մեջ էր, երկուսին վերադարձել է:
Այնուհետև, Ամիրխանյանն ազատվեց հրամանատարի պաշտոնից , հիմնավորումը հայտնի չէ, իբր վիրավորել է ոտքը, գնացել է հիվանդանոց, իսկ գնդին պետք էր հրամատար, որը կլիներ միշտ տեղում: Ի դեպ, Հարություն Ամիրխանյանը Յուրի Խաչատուրովի սանիկն է:
Պատերազմից հետո սլաքներոն ուղղվեցին նաև դեպի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Այսօր ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց Յուրի Խաչատուրովին վիրահատելու մասին լուրը, սակայն ինչ, երբ և ինչու, հայտնի չէ:
Վերջերս իրեն պատասխանատվության ենթարկելու մասին հարցին Յուրի Խաչատուրովը պատասխանել էր. հո դուք չեք ուզում կազմաքանդել բանակը:
Այսինքն` Խաչատուրովն իրեն համարում է բանակի հիմքն ու գագաթը, ալֆայից մինչև օմեգան: Ըստ իր ասածի՝ եթե չլինի ինքը, չի լինի հայոց բանակը, փաստորեն կկազմաքանդվեր:
Հնարավոր է` նոր տենդենց է ձևավորվում քավոր-սանիկ հարաբերություններին զուգահեռ, և այս անգամ հակառակ շառավղով քավորն է քայլում սանիկի հետևից. պատասխանատվությունից ազատվելու ճանապարհն անցնում է հիվանդանոցով:
Այս դեպքում սակայն Խաչատուրովը կառչած է իր պաշտոնի պատառից և նա պարզապես գնդի հրամանատար չէ, Խաչատուրովը հեղինակություն է, իշխանական շղթայի օղակը, պարզապես ոչինչ բացառել պետք չէ: