Գողթեցիները փակել են Երևան-Գեղարդ ճանապարհը
Այսօր Կոտայքի մարզի Գողթ համայքնի բնակիչները փակել են Գողթից դեպի Գեղարդավանք տանող ճանապարհը, նրանք պահանջում են չեղարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի կողմից իրականացվող Գեղարդալճից դեպի Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ համայքներն ինքնահոս եղանակով ոռոգելու ծրագիրը:
Նշենք, որ օրեր առաջ Գաղթին սահմանակից Գառնի համայնքի բնակիչները փակել էին Երևան Գառնի ճանապարհը՝ պահանջելով չեղարկել Քաղցրաշենի ոռոգման համակարգի ծրագիրը, որը չեղարկվեց:
Գողթեցիները հայտարարել էին, որ սպասում են Գեղարդալճի ծրագրի չեղարկմանը և քանի որ այս օրերին որևէ պաշտոնյա չի այցելել և ծրագրի չեղարկման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, այսօր գողթեցիները որոշել են օգտագործել միակ ազդեցիկ լծակը՝ փակել ճանապարհը:
Հիշեցնենք, որ այս ճանապարհով են զբոսաշրջիկներն այցելում Գեղարդավանք, որը համարվում է Հայաստանի զբոսաշրջության գլխավոր այցելավայրերից մեկը: