Սա պատմական նշանակության քաջ քայլ է. Արամ Ա-ն` Անգելա Մերկելին
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից անմիջապես հետո Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` ողջունելով պատմական նշանակություն ունեցող այդ քաջ քայլը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից հայտնում են, որ Արամ Ա կաթողիկոսը բանաձևի ընդունումը որակել է որպես «մարդու իրավունքների նկատմամբ Գերմանիային հանձնառության պերճախոս վկայություն, ինչպես նաև անցյալին պատասխանատու կերպով մոտենալու կարևորությունը հիշեցնող աշխարհին ուղղված պատգամ»:
Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ևս զոհ է Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության: Նա հիշեցրել է, թե ինչպես իր նախորդներից Սահակ Բ կաթողիկոսը, միաբանության հետ միասին թուրքական իշխանության կողմից պարտադրված հեռացել է ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող և Սիսի մեջ հաստատված Հայ եկեղեցու կաթողիկոսարանից:
Արամ Ա կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու ու ժողովրդի անունից իր գնահատանքն ու զորակցությունն է հայտնել անարդարության դեմ պայքարի խնդրին: