Հալեպում հրթիռակոծության հետևանքով 4 հայ է զոհվել. «Գանձասար»
Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասի վրա երեկ` հունիսի 2-ին, զինյալ ահաբեկիչներն ավելի քան 30 հրթիռ են արձակել։
«Զվարթնոց» հայկական եկեղեցու փողոցում ընկած հրթիռի հետևանքով հրկիզվել է հայ արհեստավորներից մեկի արհեստանոցը։ Զոհվել է 3 հայ, որոնց ածխացած դիակները տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի ուշ մահացել է նաև Նոր գյուղում վիրավորված մեկ այլ հայորդի։ Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։
Հաղորդվել են զոհված հայերի անունները` Վազգեն Ճապաղջուրյան, Լևոն Քելխաչերյան, Հովսեփ Ջանեցյան, Խաչիկ Աբուլաբության։
Նկատենք, որ վերջին օրերին առավել հաճախակի են դարձել հայաշատ թաղամասերի հրթիռակոծությունները: