«Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչը դատապարտվել է
Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով դատավճիռը: Այս մասին տեղեկացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:
Ըստ այդմ՝ դատարանը մեղավոր է ճանաչել բժշկին իր մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքում և, «յուրաքանչյուր երեխայի մասով», որպես պատիժ նշանակել է 2 տարի ազատազրկում:
Պատիժների հանրագումարից որպես վերջնական պատիժ, դատարանը նշանակել է ազատազրկում 3 տարի ժամկետով, ինչպես նաև 1 տարի 6 ամիս ժամկետով զրկել է բժիշկ Պետրոսյանին մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից:
Բժիշկ Պետրոսյանը իրեն մեղավոր չէր ճանաչել առաջադրված մեղադրանքում: