Ադրբեջանը պիտի վերադարձնի օկուպացրած տարածքները. Շավարշ Քոչարյանը՝ կորցրած 800 հա-ի մասին
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողները ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրին, թե միջազգային ասպարեզում ինչպես են ընկալում ՀՀ իշխանությունների այն արտահայտությունը, որ «մենք կորցրել ենք 800 հեկտար տարածք, որոնք նշանակալի հատվածներ չեն», փոխարտգործնախարարը պատասխանեց, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները պիտի վերադարձվեն.
«Արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու, Մարտակերտի շրջանի շատ ավելի մեծ տարածքներ, և ուշ թե շուտ այդ տարածքները վերադարձնելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»:
Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քննադատում են ՀԱՊԿ-ին և այն կարծիքին են, որ Հայաստանը պետք է վերանայի իր հարաբերությունները նշված կառույցի հետ, Շավարշ Քոչարյանը չհամաձայնեց, և ասաց, որ ինքն ուշադիր նայել է նրանց մեկնաբանությունները և այնտեղ հարաբերությունների վերանայման մասին խոսք չկա: Հայաստանի վերաբերմունքի առնչությամբ էլ, ՀՀ փոխարտգործնախարարն ասաց. «Ինչ վերաբերում է թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ԵԱՏՄ-ին, ապա վերջին գագաթաժողովը, որը տեղի ունեցավ Աստանայում, այնտեղ նախագահի ելույթից ամբողջությամբ կարող եք ձեզ համար պարզ պատկերացնել»: