Ռոբերտ Քոչարյանը զգուշացնում է իշխանությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ տված հարցազրույցում անդրադարձել էր նաև վարչապետի՝ պետական ապարատում կրճատումներ անելու, մենաշնորհների և կաշառակերության դեմ պայքար սկսելու մասին հայտարարությանը:
Քոչարյանի այս պատասխանում ակնարկ կար կառավարության անգործության մասին, որն ուղղված էր հստակ անձանց:
Երկրորդ նախագահի պատասխանում փաստացի ասվում է, որ կառավարությունն անգործության է մատնված և չի իրականացնում նաև սեփական խոստումները` տնտեսական աճ, մենաշնորհների վերացում և այլն: Քոչարյանը, այն հայտարարությունը, որն իշխանությունը որպես լուրջ քայլ էր արել, որակել է` սովորական աշխատանք, որն իշխանությունը չի կատարում:
Իր պատասխանում Քոչարյանն ասել է, որ կոռուպցիայի, մենաշնորհի դեմ պայքարելու համար հայտարարություններ պետք չեն, պետք է աշխատել, իսկ իշխանությանը ոչ ոք չի խանգարում. «Անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին` լուծել այդ խնդիրները»:
Այս պատասխանում մեսիջ կա իշխանությանը, որ կարող էին նաև խանգարողներ լինել, որոնք, սակայն, չեն խանգարում:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա այդ կոռուպցիան ինքնուրույն ձևավորվող չէ, այն ձևավորում և իրականացնում են անձինք, հետևաբար` Քոչարյանն ակնարկում է կոռուպցիոներների դեմ պայքարի մասին, իսկ նրանք հենց իշխանության ներկայացուցիչներն են: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը զգուշացնում է իշխանությանը:
Եթե իշխանության կամ հենց անձամբ վարչապետի կողմից պատասխան հնչի Քոչարյանի քննադատության մասին, ապա Քոչարյանի պատասխանը գոնե տնտեսական մասով սպասելի է՝ երկնիշ տնտեսական աճ իր ղեկավարման տարիներին: