Ադրբեջանը բազմիցս փորձել է քիմիական նյութեր օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ
Ադրբեջանը փորձում է թաքցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության թունավորման բազմաթիվ փաստերը: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում մայիսի 27-ին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Դա եղել է նաև խորհրդային տարիներին, երբ Հեյդար Ալիևը իշխանության եկավ: Նրանք թունավորում էին Ստեփանակերտի ջրային պաշարները, դրա համար էլ Ղարաբաղը, որը 1970-ին աշխահում առաջին տեղն էր զբաղեցնում երկարակեցության մակարդակով ու վերջին տեղը՝ քաղցկեղով հիվանդացության մակարդակով, 1989-ին առաջին տեղն է զբաղեցրել հիվանդացության մակարդակով»,- նշել է Բաբայանը:
Նրա խոսքով` 1990 թ-ին նրանք թունավորել են Ստեփանակերտի ջրամատակարարման ամբողջ ցանցը, ինչի հետևանքով բնակչության 1/3-րդը ջրից զրկվել էր:
«Եթե, Աստված մի արասցե, նրանք ինչ -որ կերպ կարողանան ազդեցություն ունենալ այդ տարածքի վրա, ապա պարտադիր կթունավորեն գետերը, այսինքն ամբողջ Հայաստանին «ցեղասպանության» կենթարկեն»,- հավելել է Դավիթ Բաբայանը: