Սամվել Բաբայանը բարով է վերադարձել. Է.Շարմազանով
Իշխող Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստի ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Այդ մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, եթե ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն լուրջ ուշադրություն չդարձներ բանակին, դժվար թե Ադրբեջանը ֆիասկո ապրեր։ Ըստ Շարմազանովի սա ցույց է տալիս, որ այս տարիներին լուջր ուշադրություն է դարձվել անվտանգության ապահովման խնդիրներին:
Մեկնաբանելով Սամվել Բաբայանի վերադարձը՝ նա նկատեց. «Քաղաքացի է, վերադարձել է, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի վերադառնալ, տեղաշարժվել։ Բարով է վերադարձել»։
Դիտարկմանը, թե Բաբայանը հարցազրույց էր տվել և հայտնել, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները բավարար ուշադրություն չեն դարձրել բանակին, Շարմազանովն արձագանքեց.
«Քառօրյա պատերազմի ընթացքում ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը կատարել են իրենց խնդիրը, ադրբեջանական կողմի բլիցկրիգը չի ստացվել, Ադրբեջանը ձախողվել է, որեւէ բնակավայր Ադրբեջանը չի կարողացել գրավել։ Միակողմանի զիջումներ չեն գրանցվել։ Դրանից հետո հայկական կողմի դիրքերը դիվանագիտական ասպարեզում ավելի են ամրապնդվել»,- այդ կապակցությամբ ընդգծել է Շարմազանովը։