10 ապրանքների ներմուծման համար կհրապարակվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Կարագի, արածաղկի ձեթի, ալյուրի, հացահատիկի, շաքարի, հավի միսի, բանանի, նարինջի, բենզինիև դիզելային վառելիքի ներմուծման համար Էկոնոմիկայի նախարարությունում առաջիկա օրերին հրապարակելու է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ:
Այս մասին մայիսի 26-ին Կաառավարության նիստի ժամանակ հայտնել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով այդ փաստաթղթերով ապրանքներ ներկրել կկարողանա ցանկացած ձեռներեց: Հաշվի առնելով փաստաթղթերի մեծ ծավալը՝ սկզբում դրանք կհրապարակվեն միայն 10 ապրանքների վերաբերյալ, բայց Նախարարությունը հետագայում կհրապարակի նաեւ սպառողական զամբյուղի մնացած ապրանքներին վերաբերող փաստաթղթերը:
«Միանգամից բոլոր փաստաթղթերի հրապարակման համար ժամանակ է պահանջվում, քանի որ յուրաքանչյուր ապրանքի համար կան մի քանի տարբեր ընթացակարգեր, ըստ առեւտրի ռեժիմի: Հայաստանի արտաքին առեւտուրը բաժանվում է երեք ռեժիմի՝ երրորդ երկրներ առանց կանոնակարգման առանձնահատկությունների, երրորդ երկրներ՝ ազատ առեւտրի մասին պայմանագրերով ու կանոնակարգման առանձնահատկություններով ու վերջապես՝ Եվրասիական միության երկրներ»,-ասել է Արծվիկ Մինասյանը:
Նշված 10 ապրանքների վերաբերյալ փաստաթղթերի ցանկերը ուղարկվել են Պետեկամուտների կոմիտե ու Սննդամթերքի անվտանգության պետծառայություն՝ դրանց համաձայնեցման համար: Մինչեւ շաբաթվա վերջ փաստաթղթերը կհրապարակվեն www.mineconomy.am կայքում: Բացի դրանից կմշակվի ծրագրային ապահովում, որով Էկոնոմիկայի նախարարության կայքում հնարավոր կլինի որոնել ապրանքի տասանիշ կոդը, ըստ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի: