Կառավարությունը մեր ընդհանուր տունն է. Արտեմ Ասատրյան
Ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին օգնելու համար մոտ 4 մլն դրամի միանվագ օգնություն է տրամադրվել:
Այս մասին ԱԺ-ում 2015թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատասխանելով ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին:
Արտեմ Ասատրյանը նկատեց, որ կարիքների ընդհանուր գնահատական է տրվել և այդ ուղղությամբ ծրագրեր են իրականացվել:
ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց նաև վարչապետի հանձնարարականից և հարցրեց, թե ինչ օպտիմալացման աշխատանքներ են տարվել: Նախարար Ասատրյանն ասաց, որ վարչապետի հանձնարարականով հանձնաժողով է ստեղծվել և այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: Իսկ մեքենաների կրճատման հետ կապված, ներկայացրեց, որ նախատեսված է 41 մեքենա կրճատել:
«Խնայողությունների ապահովումը շարունակական բնույթ է կրում: Բոլոր պաշտոնատար անձինք հստակ գիտակցում են, որ շատ կարևոր է, քանի որ մեզանից յուրաքանչյուրն իր տանը, իր բնակարանում է այդ ռեժիմով ապրում, բնականաբար, դա էլ մեր ընդհանուր տունն է, և նույն մոտեցումը պետք է լինի»,- ասաց նա: