Ազատ է արձակվել լրագրող Հադիջա Իսմայլովան
Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի լրագրող, իրավապաշտպան Հադիջա Իսմայլովան երեկ ազատ է արձակվել՝ բանտում մեկուկես տարի անցկացնելուց հետո: Ադրբեջանի գերագույն դատարանը, քննելով Իսմայլովայի վճռաբեկ գանգատը, փոխել է նրա խափանման միջոցը՝ յոթուկես տարվա ազատազրկումը փոխարինելով երեքուկես տարի պայմանական ազատազրկմամբ:
Իսմայլովան մեղավոր էր ճանաչվել «ապօրինի ձեռներեցության», «հարկերից խուսափելու» և մի շարք այլ հոդվածներով: Մինչդեռ նա ինքը և իր կողմնակիցներն այն կարծիքի են, որ լրագրողի քրեական հետապնդման իսկական պատճառը երկրի բարձրագույն էշելոններում կոռուպցիան բացահայտող նրա հրապարակումներն են: